in ,

Այսօր հոմոֆոբիայի ու տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է

Մայիսի 17-ը հոմոֆոբիայի և տրանսոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Ավելի քան 100 երկրների հետ Հայաստանը ևս մասնակցում է արշավին՝ իրականացնելով մեկ շաբաթյա մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն բարձրաձայնելու ԼԳԲՏ մարդկանց խնդիրները։

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության հայտարարություն է տարածել «Հոմոֆոբիայի և տրանսոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա» կապակցությամբ։

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ–ն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետությունում ապրող ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր) մարդկանց նկատմամբ վառ արտահայտված հոմոֆոբիայի առիթով, ինչը հիմք է հանդիսացել ԼԳԲՏ մարդկանց մարդու իրավունքների ոտնահարման, ատելության հիմքով հանցագործությունների կատարման և անպատժելիության մթնոլորտի ձևավորման համար:

Հայաստանում ԼԳԲՏ մարդկանց մարդու իրավունքների խախտումների դեպքեր կարելի է հանդիպել կյանքի ցանկացած ոլորտում՝ ընտանիք, զինված ուժեր, օրինապահ մարմիններ, առողջապահական ու կրթական հաստատություններ, զանգվածային լրատվության միջոցներ, զբաղվածության ոլորտ, հանրային տարածքներ, ժամանցի վայրեր, եկեղեցի և այլն: Գրեթե յուրաքանչյուր միջավայր մեր հասարակության մեջ ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ խտրականության և բռնության կիրառման վայր է:

ՀՀ-ում հանրության 72.1%-ը բացասական վերաբերմունք ունի ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ (հետազոտություն): Հասարակության մեջ առկա հոմոֆոբիայի մեծ ցուցանիշը, պետական պաշտոնյաների ատելություն և անհանդուրժողականություն տարածող կոչերը և նրանց կողմից ԼԳԲՏ մարդկանց դեմ կատարվող հանցագործությունների արդարացումը երկրում ստեղծել են անպատժելիության մթնոլորտ, ինչպես նաև շարունակաբար նպաստում են ԼԳԲՏ մարդկանց դեմ կատարվող հանցագործությունների աճին, որոնք վտանգում են ժողովրդավարության իրացման գործընթացները, ոտնահարում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:

Անպատժելիությունը, պետականորեն խրախուսվող անհանդուրժողականությունը և խտրականությունը, ծայրահեղ և այլամերժ անօրինական դրսևորումներն իրականում պառակտում են հասարակությունը, սպառնում հասարակական կարգին, ազգային անվտանգությանը և վարկաբեկում Հայաստանի միջազգային հեղինակությունը: Համաձայն ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի` մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Սույն հայտարարությամբ մենք ևս մեկ անգամ փոխանցում ենք մեր խիստ մտահոգությունն ու հիասթափությունն առ այն, որ Հայաստանի Հանրապետությունում չեն հարգվում և չեն ապահովվում հասարակության մաս կազմող ԼԳԲՏ մարդկանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Դեռ ավելին, պետական մակարդակով ստեղծվում են «բարենպաստ պայմաններ» ԼԳԲՏ մարդկանց մարդու իրավունքներիոտնահարումների, բռնության խրախուսման և հանցագործությունների կատարման համար:

Վերոնշյալ խնդրի առիթով խնդրում և պահանջում ենք ՀՀ իշխանություններից իրականացնել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ստանձնած իրենց լիազորությունները և պարտավորությունները, ինչպես նաև ձեռնարկել կոնկրետ քայլեր` ապահովելու ՀՀ-ում ապրող ԼԳԲՏ մարդկանց սահմանադրորեն ամրագրված իրավունքների և հիմնարար ազատությունների իրականացումը, կանխելու ԼԳԲՏ անձանց նկատմամբ ցանկացած ոտնձգություն, ինչպես նաև նման ոտնձգության քարոզ, կոչ և խրախուսում:

Հայաստանի Հանրապետությունում, որպես սոցիալական և իրավական պետություն, պետք է հաստատվի ՀՀ Սահմանադրական կարգը` հանուն մեր հանրության և ժողովրդի ազատության, արդարության, արժանապատվության և բազմամշակութային զարգացման:

Ծանոթություն. Նույնասեռականությունը դադարեց համարվել հոգեկան խանգարում, երբ 1990թ․ մայիսի 17-ին հրապարակվեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների դասակարգման հերթական համարը։ Դրանից 15 տարի անց 24 հազար հոգու և մի շարք միջազգային կազմակերպությունների ջանքերով այդ օրն ընտրվեց աշխարհում նշելու հոմոֆոբիայի դեմ պայքարի օրը։

2009թ․ արշավի անվանը ավելացվեց նաև տրանսֆոբիան, իսկ 2015թ՝ բիֆոբիան։ Հայաստանը արշավին միացել է 2010թ-ից։ Օրվա նպատակն է աշխարհում ուշադրություն հրավիրել նույնասեռական, բիսեքսուալ և տրանսգենդեր անձանց նկատմամբ բռնություններին, ճնշումներին ու խտրականությանը։

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Տրանսգենդեր կինն ինքնահրկիզման փորձ է արել Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ